Իտալիա. անտիկ ու միջնադարյան աշխարհի շունչը
28.02.2020 | 11:39
Իտալիան աշխարհի ամենագեղեցիկ երկրներից է, այստեղ այցելողներն ականատես են լինում անտիկ աշխարհի և միջնադարյան վերածննդի հարուստ մշակութային ժառանգությանը։ Իտալիայում է աշխարհի ամենափոքրիկ պետությունը` Վատիկանը։ Վատիկանի հրապարակում մշտապես անվերջանալի հերթեր են. հավատացյալները ժամերով մեկ շարքով հերթ են կանգնում Սուրբ Պետրոսի տաճար մուտք գործելու‚ տաճարի գագաթից քաղաքի գեղեցկությամբ հմայվելու և Վատիկանի թանգարան այցելելու համար։ Նշենք‚ որ Սուրբ Պետրոսի տաճարի արտաքին պատերից մեկի մոտ կանգնեցված է Գրիգոր Լուսավորչի մոտ 6-մետրանոց արձանը, որն օծվել է 2005 թվականին Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապի կողմից։ Վատիկանում է նաև Գրիգոր Նարեկացու հուշարձանը‚ որը սակայն զբոսաշրջիկների համար հասանելի չէ։
Վատիկանի թանգարանում կարելի է տեսնել անհամար գանձեր‚ որոնք ներկայացնում են Հին Հռոմի պատմությունը։ Թանգարանի ամենասպասված սրահը Սիքստինյան կապելլան է, որը զարդարված է Միքելանջելոյի որմնանկարներով: Այստեղ լուսանկարումն արգելված է‚ Կապելլայի պատերին կարելի է տեսնել նաև Բոտիչելիի, Պերուջինոյի և այլ նկարիչների ստեղծագործություններ: ՈՒշագրավ է‚ որ փետրվարին մի քանի օրով Սիքստինյան կապելլայում ցուցադրվել են Ռաֆայելի նկարների հիման վրա հյուսված ոսկեթել գորգերը։ Դրանք հատուկ պահպանվող տարածքներից Հռոմի պապի պահանջով մի քանի օրով հատուկ հանվել են այցելուների համար ցուցադրման։
Ի դեպ‚ Հռոմում Սուրբ Պետրոսի տաճարից բարձր շենք գոյություն չունի։ Այստեղ ամեն քայլափոխի միջնադարյան պալատներ են, և այդ անտիկ ու միջնադարյան մթնոլորտն էլ ավելի խորհրդավոր ու գրավիչ է դարձնում երկիրը զբոսաշրջիկների համար։
Իտալիայի շունչը մեծապես հաղորդվում է նաև փոքր քաղաքների միջոցով։
Սիենան Տոսկանա նահանգի հրաշալի քաղաքներից մեկն է‚ որն իր մեջ պահպանել է միջնադարի մշակութային և պատմական ժառանգությունը։ Քաղաքն ամբողջությամբ 12-15-րդ դարերի պատմության հուշարձան է՝ առանց ժամանակակից որևէ տարրի։ Այստեղ տարին երկու անգամ իրականացվում են աշխարհի ամենահայտնի ձիարշավները։
Վերոնան Իտալիայի ամենից շատ այցելություններ ունեցող քաղաքներից է։ Շեքսպիրի թեթև ձեռքով նա դարձավ Ռոմեոյի և Ջուլիետի հայրենիքը‚ սիրահարների ուխտագնացության վայրը։ Ջուլիետի տան պատշգամբը մշտապես մարդաշատ է‚ այստեղ երիտասարդները նամակներ են գրում‚ նկարվում Ջուլիետի արձանի կողքին՝ սիրո գեղեցիկ պատմություն ունենալու հույսով։
Իսկ Վենետիկը տեղակայված է 118 կղզյակների վրա, որոնք միմյանցից բաժանվում են 150 ջրանցքներով։ Կղզիները միացվում են 400 կամուրջներով‚ դրանց թվում է նաև հայ բանաստեղծի հիշատակած Ռիալտոյի կամուրջը։ Ասում են՝ ամեն տարի Վենետիկ է այցելում մոտ 20 միլիոն մարդ: Վենետիկից ոչ հեռու՝ Սուրբ Ղազար կղզում է Մխիթարյան միաբանությունը‚ որը հիմնադրվել է 1701 թվականի սեպտեմբերի 8-ին, վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում ծավալել է կրոնական‚ հայագիտական‚ մշակութային բուռն գործունեություն։ Այստեղ պահվում են հայկական մշակույթի եզակի նմուշներ։ Մխիթարյան միաբանության գրապահոցը հայկական ձեռագրերի աշխարհում երրորդ ամենամեծ հավաքածուն է՝ Մատենադարանից ու Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հավաքածուներից հետո։
Լիլիթ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Լուսանկարներ
Մեկնաբանություններ